ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ավարտվել են Արենի միավորված համայնքի Ռինդ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման աշխատանքները։
Մանկապարտեզի շենքը կառուցվել էր դեռևս յոթանասունականներին և անմխիթար վիճակում էր։ 2011 թ. համապատասխան ստուգումների արդյունքում նախակրթարանների չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով արձանագրություն էր կազմվել, և արգելվել էր գործունեության շարունակությունը` այդ պայմաններում. խոհանոցը, սանհանգույցները և խմբասենյակները կառուցումից ի վեր հիմնովին չէին նորոգվել։
Հաշվի առնելով հանգամանքը, որ մանկապարտեզի նորոգումը համարվել էր համայնքի առաջնային խնդիր, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի` հենց առաջին բաղադրիչով մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Շենքի վերանորոգումից զատ` իրականացվել են նաև երեսպատման, բակի բարեկարգման աշխատանքներ։ Մանկապարտեզը ապահովվել է անհրաժեշտ գույքով։ Արդյունքում կառույցն արդեն պատրաստ է իր հարմարավետ ու լուսավոր հարկի տակ ընդունելու Արենի, Չիվա, Ռինդ և Ելփին բնակավայրերից 100 երեխայի։
Շինարարության իրականացման համար ներդրվել է 126 մլն 733 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքի քսանչորս տոկոսը Կառավարության, չորս տոկոսը՝ համայնքի համաֆինանսավորումն է, մնացածը համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներն են։