Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020-ի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ստորագրված համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 10 մլն 626 հազար 263 եվրո վարկային միջոցներ: Նա նշեց, որ ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի հարավային սահմանի երկայնքով Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ Մեղրու անցման կետի արդիականացման անհրաժեշտությունը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով:
Էդ. Հովհաննիսյանը նշեց, որ Մեղրու մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը 8.7 հա է: Նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք` 4000 քմ կառուցապատման մակերեսով, տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Մաքսակետի տարածքում լինելու են՝
-
մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման մասնաշենքեր.
-
անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան.
-
մաքսային ձևակերպումների և բրոքերային մասնաշենքեր.
-
բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենք և մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:
Մաքսակետը հագեցված է լինելու`
-
լաբորատոր սարքավորումներով և պարագաներով.
-
ռենտգենաճառագայթային սարքավորումներով` մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար.
-
մարդկանց սկանավորման համար ռենտգենաճառագայթային սարքավորումով.
-
UHF ռադիոկայաններով.
-
տվյալների մշակման կենտրոնով.
-
փաստաթղթեր ընթերցող սարքերով.
-
փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով.
-
մաքսակետի ելքի և մուտքի հատվածներում տեղադրվող հակաճառագայթային սաքավորումներով.
-
բեռնատար մեքենաների տվյալները գրանցող սարքավորումներով և այլն: