Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը: Հանդիպմանը ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապի միջոցով մասնակցել են մի շարք դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ:
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում ստեղծված իրավիճակն ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության միջոցառումները: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման գործընկերներին այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանին աջակցելու համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բոլոր գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: Ելույթները վերաբերում էին Կորոնավիրուսային համաճարակի տնտեսական ազդեցության գնահատականներին, ԿՈՎԻԴ-19-ի ռիսկերին, ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին:
Քննարկումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Կառավարության ձեռնարկած միջոցառումներին, կորոնավիրուսի հավանական երկրորդ ալիքին դիմակայման պատրաստվածությանը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ռազմավարությունների մշակման ընթացքին:
Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը կարևորել են նման ձևաչափով քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից: