«Քովիդ-19-ի» ամպերը, կարծես թե, քայլ առ քայլ ցրվում են: Արդեն մի քանի մարզաձևերում հայ մարզիկները ոչ միայն ներքին առաջնությունների են մասնակցում, այլև մեկնում են երկից դուրս: Հերթը հասավ նաև մարմնամարզության Հայաստանի հավաքականին: Մեր մարզիկները նախապատրաստվում են սեպտոմբերի 25-27-ը Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ամենատարբեր երկրների ուժեղագույն մարմնամարզիկները:
Կիևում Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Մրցումային պարտադրված երկարատև դադարը մարզիկների մեջ անհագ կարոտ է առաջացրել և, ինչ-որ տեղ, նաև լարվածություն:
Մրցաշարին մարզիկները չեն մոտենում լավագույն մարզավիճակով, դրա անհրաժեշտությունն էլ, այսպես ասած, չկա: Պետք է ամեն ինչ փուլ առ փուլ անել: Չնայած այս մրցաշարի առկայությանը, մրցումային ապագան կրկին մշուշոտ է: Առաջիկայում նշանակված մրցաշարեր կան, բայց դրանց կայանալը և մեր թիմի մասնակցությունը հարցականի տակ է:
Հավաքականը շարունակում է մարզվել և նախապատրաստվել Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Նոր մարզադպրոց ունենալու շանսերն ավելի շոշափելի դարձան, երբ օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այցելեց մարզադպրոց:
Ըստ նախնականի, երազանք դարձած նոր մարզադպրոցի կառուցումը կտևի մոտավորապես երկու տարի: Հայկական մարմնամարզության 91-ամյա լեգենդը, որը երկար տարիներ է մտահոգված է լավ պայմաններ ունենալու համար, վստահ է` պետք է դա էլ իր աչքերով տեսնի: