Խորհրդարանը քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Աննա Կոստանյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը և Արման Եղոյանը:
Նախագծի համահեղինակ Աննա Կոստանյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ֆիլմարտադրության, կինովարձույթի, ցուցադրության, կինոփառատոներում և կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և մի շարք այլ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:
Պատգամավորի խոսքով՝ մինչ օրս Հայաստանում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական որևիցե ակտ, որի արդյունքում մի շարք հարաբերություններ օրենսդրական կարգավորումներ չեն ստացել:
«Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման, աջակցության այլ ձևեր: Որևիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ տարածքում: Կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումն իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի և երեխաների իրավունքների պաշտպանությանը: Կարգավորված չեն նաև ֆիլմերի վարձույթի հետ կապված հարցերը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի դրանից՝ կինեմատոգրաֆիայի ոլորտը ֆինանսավորելու համար կներգրավվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում: