2020-ի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 9:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։
Մրցաշարին կմասնակցեն 8 սիրողական թիմեր՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիա», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջրի և Էրեբունու թիմերը:
Խաղերը կանցկացվեն օլիմպիական սկզբունքով, զույգերի հաղթողները սեպտեմբերի 21-ին կհանդիպեն կիսաեզրափակիչներում։ Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա 3-րդ տեղի համար հանդիպումը, իսկ 11:30-ին՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։
Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոնի ընտանիքը և ընկերները։
Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկանում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան էր, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։
Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատել է «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում։ 2017-ին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում։ 2020 թ․ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը: