2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում խմելաջրի 2.5 կմ երկարությամբ ջրատար է կառուցվում, որով համայնքի ևս 250 ընտանիք կապահովվի շուրջօրյա խմելու ջրով: Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Ջրատարի 980 մետր հատվածի կառուցումն ավարտվել է, որից շուրջ 100 ընտանիքի արդեն շուրջօրյա խմելու ջուր է մատակարարվում: Ընթանում են մյուս 1528 մետր հատվածի կառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 33 մլն 332 հազար դրամ է, որի 60%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 40%-ը կներդնի համայնքը: Ծրագրի ավարտից հետո Կաթնաղբուր համայնքն ամբողջությամբ ապահովված կլինի շուրջօրյա խմելու ջրով:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը: Արագածոտնի մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ»,- գրված է հայտարարությունում: