Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անեզը հայտարարել է, որ չի մասնակցելու հոկտեմբերի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին և կոչ է արել երկրի աջ ուժերին՝ միավորվել ընդդեմ սոցիալիստական շարժման, թույլ չտալ, որ Էվո Մորալեսի «Շարժում դեպի սոցիալիզմ» քաղաքական ուժը նորից հաղթի՝ տեղեկացնում է Euronews-ը:
Անցյալ տարի հոկտեմբերին Բոլիվիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և հաղթող ճանաչվեց այն ժամանակ պետության ղեկավար Էվո Մորալեսը: Նոյեմբերին սկսված ու մի քանի շաբաթ տևած ցույցերից հետո, սակայն, նա լքեց իր պաշտոնը և երկիրը: Իշխանությունն անցավ Սենատի ընդդիմադիր փոխխոսնակ Անեզին, հայտարարվեց նոր նախագահական ընտրություններ, որոնց Մորալեսն իրավունք չունի մասնակցելու:
Վերջին տվյալների համաձայն՝ ժողովրդականության վարկանիշը Բոլիվիայում գլխավորում է սոցիալիստների թեկնածու Լուիս Արսեն: Անեզը զիջում է Արսեին, նախկին նախագահ Կառլոս Մեսային և աջ ծայրահեղ քաղաքական գործիչ Կամաչոյին: