Այս օրենքի հնարավոր ընդունումից հետո առաջարկ եմ անելու, որ այս պահին Հայաստանում գոյություն ունեցող երեք կինոկառույցները՝ Ազգային կինոկենտրոնը, «Հայք» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայֆիլմ» կինոստուդիան, Կառավարության որոշմամբ, միավորվեն ու դառնան այն ազգային մարմինը, որի մասին խոսում ենք տվյալ օրենսդրական կարգավորման մեջ: Այդ մասին ԱԺ-ում «Կինեմատոգրաֆիայի մասին» ու հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին ի պատասխան, թե արդյոք նախագծով առաջարկվող գործիքները բավարա՞ր են ոլորտում ներդրումներ բերելուն, Կոստանյանը նշեց, որ նախագիծը հույս է ներշնչում թե՛ օտարերկրյա ներդրումների առումով, թե՛ երկրում ոլորտի թռիչքաձև զարգացման տեսանկյունից:
Պատգամավորի խոսքով՝ առաջարկվող օրենքով փորձում են համակարգել, մեկտեղել ու օրենքերի այնպիսի կարգավորում տալ, որ օտարերկրյա փորձագետները, կազմակերպությունները, ֆիլմարտադրության նպատակով այստեղ եկողները կարողանան մեկ աղբյուրից իմանալ, թե ինչ երաշխիքներ է պետությունը սահմանում: