Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը՝ ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, հերթական ստուգայցն է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններին և ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակին ծանոթանալու, այդ բնագավառներում առկա հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները նախանշելու նպատակով՝ հաղորդում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Ստուգայցի ընթացքում Արթուր Գոյունյանը ծառայության ղեկավար անձնակազմի և հիմնարկի վարչակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է անազատության մեջ պահվող անձանց պահման պայմանների հետևողական բարելավմանը, նրանց հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների շարունակական ակտիվացմանը, ծառայողական կարգապահության առավել ամրապնդմանը, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիոն դրսևորումների իսպառ վերացմանն ուղղված գործիքակազմի կատարելագործմանը։
Խորհրդակցության ավարտին ծառայության պետը նախանշված խնդիրների լուծմանն ուղղված հասցեական հանձնարարականներ է տվել՝ սահմանելով դրանց կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներին: