ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ էական վնաս պատճառելով պետության շահերին:
Նրանք Շիրակի մարզի վարչական տարածքում գործող՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորել են ակնհայտ ապօրինի անգործություն. այն է՝ թույլ տված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև մի շարք ընկերություններում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու համար, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2017 թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019 թ. փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարից պահանջել են առանձնապես խոշոր չափի 1.202.592 (մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև կատարված սակարկումներից հետո ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.132.592 (մեկ միլիոն հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամին համարժեք կաշառքի գումարներ։
Նկարագրված արարքը կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու, ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձանց տարբեր չափերով կաշառք տալու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի, նույն կենտրոնի 6 գլխավոր մասնագետ-տեսուչների, ինչպես նաև 14 տնտեսվարողների նկատմամբ:
Հարկ է նշել, որ նախաքննության ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար, որի վրա նախաքննական մարմնի որոշմամբ դրվել է կալանք՝ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:
Հաշվի առնելով համապատասխան իրավապայմանների առկայությունը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնության առկայության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
2020 թվականի սեպտեմբերի 16-ին քրեական գործը, հիշատակված 21 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: