Ս․թ․ 17.09.2020 թ. ժամը 12:25-ին 30-ամյա ծննդկան Ա․Ս․-ն դիմել է «Շենգավիթ» ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ, ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ), հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել:
Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը՝ կնոջը ներարկվել է այլ խմբի հակբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ, զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ սնդ․ սյուն, PS 125 զարկ, Sao 2-65%: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50 սմ հասակով:
Ծննդկանի մոտ ախտորոշվել է վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա:
Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում, դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որից հնարավոր է եղել հանել հիվանդին: 18․09․2020 թ. ժամը 05:40-ին մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ: 45 րոպե տևողությամբ՝ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին: