Օշականում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողությունը՝ հայտնում են հիմնադրամից:
Ընդամենը երեք տարվա ընթացքում ձևավորվել է կրթաթոշակառուների կուռ համայնք. շուրջ 100 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծ փոփոխության ալիք բերել իր ոլորտում: Մենք հավատում ենք նրանց ու նրանց գիտելիքի ուժին՝ նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Նախկինում էլ մեծանուն հայազգի մեկենասների հեռատեսության ու ջանքերի շնորհիվ տաղանդաշատ հայ երիտասարդները, որոնք իրենց հետագիծն են թողել մեր ինքնության վրա, արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Հետագայում ստեղծվեցին նաև հիմնադրամներ՝ արտերկրում սովորելու միջոցով մեր հասարակության ու երկրի զարգացման ընթացքն արդյունավետ ու կազմակերպված դարձնելու նպատակով:
Հավաստագրերի հանձնման վայրը պատահական չէր: Օշականը սրբատեղի է ամբողջ աշխարհի հայության համար. այստեղ է ամփոփված հայոց գրերի ստեղծող, հայոց դպրության հիմնադիր, վարդապետ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, իսկ Օշականի մշակույթի պալատն այն տասը մշակութային տներից մեկն է, որ ընդգրկված է «Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում: