Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, որ նախագիծը մեկնարկել է դեռ այս տարվա հունվար-փետրվարին, երբ պատգամավորներն այցելել են սահմանամերձ համայնքներ՝ նախքան հուլիսյան իրադարձությունները:
«2015 թվականից գործում է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքը, և այդ օրենքի գործողության ժամկետն ավարտվում է մի քանի ամսից: Այսինքն՝ եթե փոփոխություններ չկատարվեն, ապա 2021 թվականի հունվարի 1-ից օրենքի գործողության ժամկետը կավարտվի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով. «Առաջարկում ենք նախ երեք տարով երկարաձգել օրենքի կիրառման ժամկետը, ինչը հնարավորություն կտա սահմանամերձ համայնքի բնակիչներին՝ օրենքով ամրագրված մի շարք արտոնություններից օգտվել:
«Ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա պետությանը ևս երեք տարի փոխհատուցել սահմանապահ համայնքների բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի ծախսը 50 տոկոսի չափով»,- ասաց պատգամավորը՝ թվարկելով նաև մի շարք այլ արտոնություններ:
Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախագծով նաև առաջարկվում է կատարել այլ փոփոխություններ:
«Գործող օրենքն ասում է, որ եթե ադրբեջանական հրետակոծության և ռազմական գործողությունների հետևանքով ամբողջությամբ ավերվել է տունը, ապա պետությունը պետք է տվյալ համայնքում նոր բնակարան ձեռք բերի և տրամադրի բնակիչներին,- ասաց Գաբրիելյանը՝ ավելացնելով,- օրենքով ենք ամրագրում, որ սահմանամերձ համայնքի աշակերտներին 4-12-րդ դասարանի դասագրքերը կտրամադրվեն անվճար»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ առաջարկվում է նաև փոխհատուցում տրամադրել այն դեպքում, երբ հրետակոծության հետևանքով վնաս է պատճառվել բնակչի մթերատու կենդանիներին: