Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում ամրագրված է, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին 2014 թվականին ընդունված օրենքը: Նա նշեց, որ դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել և Քննչական կոմիտեի դեպարտամենտը վերացնել: Աջակցող սուբյեկտները նախագծով պետք է կոչվեն աջակցող մասնագիտական վարչության աշխատակիցներ:
«Դեպարտամենտին եկել են փոխարինելու աջակցող մասնագիտական մարմինները, որոնք լինելու են վարչությունների և բաժինների տեսքով»,- ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը:
Արսեն Այվազյանը նշեց, որ հաջորդ փոփոխությունների հիմքը պայմանավորված է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով:
«Քննչական կոմիտեի ղեկավարը՝ որպես մարմնի ղեկավար, հետայսու իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու Քննչական կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը. մինչև այդ այս ամենն իրականացվում էր Կառավարության միջոցով, հիմա փոփոխության արդյունքում այդ ամենը պետք է կատարվի Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից»,- ասաց Այվազյանը:
Մյուս օրենսդրական հիմքը, որը ՔԿ նախագահի տեղակալի խոսքով՝ հանգեցրել է փոփոխությունների, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է:
«Նախատեսում ենք փոփոխություն, համաձայն որի Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք: Գործող իրավակարգավորումների պայմաններում ունենք որոշակի խումբ անձինք, որոնք օրինական կարգով ազատվել են զինվորական ծառայությունից, և նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, սակայն օրենքի ձևակերպումն էր խնդիր առաջացնում»,- ընդգծեց Այվազյանը: