Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Մայր բուհի նախկին ռեկտորին՝ Արամ Սիմոնյանին։ Խոսքն ավելի քան 34 միլիոն դրամի չարաշահման մասին է։ Նախաքննությամբ պարզվել է, որ դեռ 2015 թվականին, ի պաշտոնե ունենալով մինչև 50 միլիոն դրամի պայմանագիր կնքելու իրավասություն, Սիմոնյանը նախնական համաձայնության է եկել ԵՊՀ-ում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության տնօրենի հետ և 4 տարի շարունակ պայմանագրով համալսարանի բյուջեից այդ ընկերությանն է վճարել խոշոր գումարներ, սակայն դրա դիմաց որևէ ծառայություն չի մատուցվել։ Կոմիտեից մանրամասնում են` փոխանցումը եղել է բանկային եղանակով՝ կազմելով 34 միլիոն 362 հազար դրամ։
Գործի հետ կապված այլ մանրամասներ այս պահին քննչական կոմիտեից չեն հաղորդում։ Մինչդեռ 13 տարի Հայաստանի ամենամեծ բուհը ղեկավարած Սիմոնյանը, որ հրաժարական տվեց հեղափոխությունից մեկ տարի հետ, ԵՊՀ-ի 100-ի նախաշեմին, այսօր հայտարարեց՝ չի ընդունում մեղադրանքը։
Սիմոնյանն այսօր սակավախոս էր, հեռախոսն անջատեց՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի։ Նրա պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էին, որ գործը կապ ունի դեռ երկու տարի առաջ ԵՊՀ-ում Պետական վերահսկողական ծառայության հայտնաբերած խախտումների հետ։ Փաստաբանների բնորոշմամբ՝ ՊՎԾ-ն իբրև 800 միլիոն դրամի չարաշահում էր գտել և երկու տարի քննելուց հետո կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին ռեկտորին։ Գործից մանրամասներ չեն հայտնում նաև մեղադրյալի պաշտպանները։ Կոմիտեում նախաքննությունը շարունակվում է։