«Կարծում եմ, որ Ուկրաինայի ազգային անվտանգության մարտավարությունը, որ օրերս հաստատվել է նաև նախագահի կողմից, Ուկրաինայի արտաքին քաղաքականության տեսանկյունից գլոբալ առումով նշանակություն չունի»: Այս մասին ուկրաինացի միջազգայնագետ Իլյա Կուսան ասել է Aspekty.net-ի հետ զրույցի ժամանակ:
Փորձագետը զվարճալի է որակել Ադրբեջանի այնտեղ հայտնվելու հանգամանքը: Կուսան նշեց, որ դա հետևանք է այն բանի, որ Ուկրաինայում բացակայում է սեփական ֆունկցիոնալության մասին տեսլականը միջազգային հարաբերություններում. «Առանց ազգային շահի գիտակցման՝ հնարավոր չէ ձևավորել հստակ և երկարաժամկետ մարտավարության օրակարգ: Իմ կարծիքով՝ այս փաստաթուղթը կոնյունկտուրային է և կարճաժամկետ: Այնտեղ բացակայում է այս կամ այն ընտրված ռազմավարական ուղու տրամաբանական բացատրությունը կամ հիմնավորումը: Ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականության մասով այնտեղ սպիտակ հետքերը բավականին շատ են»,- ասաց նա:
Ավելի վաղ այլ լրատվամիջոցներ ևս անդրադարձել էին Ադրբեջանի՝ այս փաստաթղթում հայտնվելու փաստին: «Ադրբեջանի ներկայությունը այս ցուցակում, մեղմ ասած, զարմացնում է,- գրում է Европейская Правда-ն՝ անդրադառնալով վերջինիս՝ Ուկրաինայի ազգային անվտանգության մասին փաստաթղթում առկայությանը: - Այդ պետությունը ժողովրդավարության զարգացման գործում վստահաբար մեր գործընկերը չի կարող լինել, այն չի օգնում մեզ պայքարելու ռուսական ագրեսիայի դեմ: Տնտեսական հիմքերը ևս բացակայում են՝ 2020-ի առաջին կիսամյակին մենք Ադրբեջան արտահանել ենք շուրջ 179 մլն դոլարի ապրանքներ, դա ուկրաինական արտահանման միայն 0.78 տոկոսն է կազմում»,- նշում է լրատվամիջոցը:
«Այո՛, մենք ներկրում ենք այնտեղից կոնկրետ ծավալի նավթ, բացի այդ, Ադրբեջանը հանդիսանում է առանցքային մատակարար՝ 2020 թվականի առաջին կեսին հում նավթի 63 տոկոսի ներկրողը Ադրբեջանն է եղել: Բայց խոսքն այստեղ ռազմավարականի հասնող այս ծավալների մասին չէ: Առաջին հերթին, ուկրաինական պաշարները ավելին են, քան Բաքվից ներկրվածը և աճի մեծ պոտենցիալ ունի: Երկրորդ՝ Ուկրաինան ներկրում է վերամշակման ենթարկված նավթային մթերքի մի քանի անգամ մեծ պաշարներ: Ադրբեջանի հայտնվելը ստրատեգիական գործընկերների շարքում հայտնվելը խոսում է երկու բանի մասին՝ սխալ հաշվարկ կամ լոբբիզմ, իսկ թե Ադրբեջանն ինչ տաղանդ ունի օտարերկրացի պաշտոնատար անձանց մոտ «հետաքրքրություն առաջացնելու»՝ դրա մասին լեգենդներ են պտտվում: Իսկ, ա՛յ, Ռումինիայի համար, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ով շատ խոր հակառուսական տրամադրություններ ունի թե՛ հասարակության, թե՛ քաղաքական շրջանակներում, Ուկրաինայի ռազմավարական գործընկերների շարքում չես գտնի:
Իսկ դա շատ ցավալի է, քանի որ այդ պետությունը Ուկրաինային աջակցելու որոշակի պոտենցիալ ունի, այդ թվում նաև՝ անվտանգության տեսանկյունից, ինչը Կիևը պարբերաբար անտեսում է: Ցավալի է, բայց մինչ օրս մենք թերագնահատում ենք հարևանների հետ հարաբերությունների կշիռը: Գերակայությունների շարքում չկա նաև Սլովակիան, որը մեր էներգետիկ անվտանգության համար ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան Ադրբեջանը: Գազի գրեթե ամբողջ ծավալը գնում է Սլովակիայի սահմաններով: Բայց այս երկիրը ևս տեղ չի գտել ռազմավարական կարևոր երկրների շարքում: Այս բոլոր երկրներին միավորել են «Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի» երկրների շարքում, որոնց հետ մենք զարգացնելու ենք «սերտ բարիդրացիական հարաբերություններ»՝ անկախ ունեցած ընդհանուր սահմանից»,- հիշեցնում է Европейская правда-ն: