Սյունիքը տեսանելի ապագայում կարող է ունենալ նոր ազգային պարկ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
Նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (World Wide Fund for Nature Armenian branch) տնօրեն Կարեն Մանվելյանին:
Շրջակա միջավայրի նախարարություն - WWF-Հայաստան համագործակցությունը մեկ տասնյակ տարվա պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։
Կառույցի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ պահպանել վտանգված տեսակները, վերականգնել էկոհամակարգերը, իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ, ներդնել տնտեսական մեխանիզմներ՝ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով, այդպիսով խթանել բնական պաշարների կայուն օգտագործումն ու պաշտպանել կենսաբազմազանությունը։
Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Կարեն Մանվելյանի հետ քննարկվել են օրակարգի առանցքային թեմաներ, որոնք մեծ մասամբ վերաբերվում էին շրջակա միջավայրի նախարարության և հիմնադրամի համագործակցության զարգացմանը, ընթացիկ ծրագրերին ու առկա խնդիրների լուծմանը։