Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանի հիշատակին: Խորհրդարանի ամբիոնից պաշտպանության նախարարն ասաց՝ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքն ու մեր զինվորի կորսուստը ցավալի էր: Բայց հայկական կողմի գործողությունները համարժեք են, արդեն երկրորդ շաբաթն է Ադրբեջանի զինված ուժերը սահմանին ամրաշինական աշխատանքների են անցել՝ փորձելով չեզոքացնել մեր դիրքապահների առավելությունը, օգտագործել են նաև տարբեր տրամաչափի զենքեր: Իսկ երեկ ադրբեջանական կողմը վիրավոր է ունեցել ու ահազանգել:
Դավիթ Տոնոյան, ՀՀ պաշտպանության նախարար - Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը տեղեկացված է այս ամենի վերաբերյալ: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ: Այսօր ունենք զոհ, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն մտահոգություն է հայտնել, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար հասկանալի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվելու:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան գործողությունների դադարից հետո հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են,- տվյալներն ամփոփեց Պաշտպանության նախարարը և հույս հայտնեց՝ մեր զինուժը սահմանի անդորրը կպահպանի ու կնպաստի բանակցային գործընթացին: Իսկ բանակցային գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրավերը վարչապետը կառուցողական համարեց՝ հիշեցնելով՝ Արցախյան հարցի կարգավորման Հայաստանի մոտեցումները.
Արցախի հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում,- հիշեցնում է վարչապետը, այնինչ հուլիսյան մարտերը բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխեցին:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով: Ադրբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն հարցը: Պարզվում է` մենք ճիշտ էինք, Ադրբեջանը սխալ: