Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարել է, որ նպատակահարմար չեն համարում հետաձգել հագուստի մաքսազերծման նոր կարգի անցումը, ըստ որի հագուստն ու կոշիկն արդեն մաքսազերծվում են ոչ թե կիլոգրամով, այլ հատով:
Նրա խոսքով՝ ներկրողներին մաքսային մարմնի կողմից պատշաճ ներկայացվել են թե՛ մաքսազերծման ընթացակարգը, թե՛ գները:
«Ամիսներ առաջ հագուստ ներկրողներին զգուշացրել, տեղեկացրել ենք, որ անցում է կատարվելու, և հարցը տարիներ շարունակ քննարկվել է, և նրանք իրենց պատկերացումներում ունեցել են այդ տեսլականը, որ մի օր պետք է ապրանքները մաքսազերծեն հենց այսպես, ըստ տեսականու և ըստ յուրաքանչյուր ապրանքի հատի գնի»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ շեշտելով, որ այդ անցումը նախատեսված է եղել 2020 թվականի ապրիլի 1-ից, բոլոր տնտեսվարողները տեղյակ են եղել: Հովհաննիսյանի խոսքով՝ միգուցե տնտեսվարողների 1-2 տոկոսը տեղյակ չլինի: «Ես չեմ կարծում, որ պետական մարմինը պետք է պարտադիր հանրային համաձայնությամբ ամրագրի իր գործողությունների հետագա պատկերացումները: Եվ այդ պայմանավորվածությունը եղել է, ես նպատակահարմար չեմ համարում ժամկետի հետաձգում»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ տնտեսվարողները պետք է ունենան լիարժեք օրենսդրական կարգավորումներին համապատասխան գործելաոճ, և հապաղելու ժամանակ չկա: