Նախորդ ամսվա ու վերջին օրերի կորոնավիճակագրությունը համեմատելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միտումն անհանգստացնող է: Վարակի հայտնաբերման տոկոսը բարձր է, մեծ է նաև երեկվա թեստերի թիվը՝ անցել է 4 հազարը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Գործնականում այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի միակ ապացուցված գործիքը դիմակն է: Դիմակի կրկման պայմանները խստորեն պետք է պահպանվեն: Ոստիկանությունը, պարո՛ն Ղազարյան, ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի: Քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը պահպանվեն: Դիմակը ծնոտը փակելու համար չէ, քիթն ու բերանը փակելու:
Թեստավորման մեջ վարակի դեպքերի 7 տոկոսի հասնելը, առողջապահության փոխնախարարի խոսքով՝ հավանաբար, պայմանավորված է մինչդպրոցական շրջանի ակտիվացմամբ: Փոխնախարար Ավանեսյանը հորդորեց խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Դպրոցները բացվեցին սեպտեմբերի 15-ին, մինչ այդ աշխուժությունը նկատելի էր: Առաջիկա 2 շաբաթում կտեսնենք՝ ինչպես է ազդում տարածման տեմպի վրա դպրոցների բացումը:
Առողջապահական համակարգի հզորությունը, եթե անհրաժեշտ լինի, կրկին կարող է ապահովել կորոնավիրուսով վարակվածների բուժումը: Բայց լավ է դրան նորից չհասնենք, ինչպես շատ երկրներում է: Վարչապետը հորդորեց հակահամաճարակային կանոնների մասին իրազեկումը նույն տեմպով շարունակել:
Նիկոլ Փաշինյան - Երբ տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում այլ երկրներում, համոզվում եմ՝ ճիշտ է մեր ռազմավարությունը, կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Բայց դա հնարավոր է, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ են սպասարկել, բուժել անհրաժեշտություն ունեցող բոլոր քաղաքացիներին:
Օրեր կային, երբ վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը մի քանի ազատ տեղ կար, բայց հնարավոր եղավ հաղթահարել իրավիճակը, և ըստ էության ոչ մի քաղաքացու առանց բուժօգնության չթողնել:
Նիկոլ Փաշինյան - Երկրները, որ կորոնավիրուսի դեմ պայքարում լավագույն արդյունքն են գրանցել, ունեն տնտեսական խորը անկում: Սրանք իհարկե հասկանալիորեն փոխկապակցվածության մեջ են:
Դպրոցներում, փողոցում թե փակ որևէ այլ հաստատությունում պետք է չթուլացնել զգոնությունը: Հակահամաճարակային կանոնները պահպանել՝ նույն տեմպով ու չկորցնել զգոնությունը՝ անկախ նրանից, դրությունը արտակա՞րգ է, թե՞ կարանտինային: