Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց 2020 թվականի պետական բյուջեի օրենքում վերաբաշխում կատարելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման փոփոխությունների նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման վարկային ծրագրի շրջանակում իրականացված Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների կողմից 2018 թվականից սկսած եղել են բողոքներ: Շինաշխատանքներն ամբողջական ծավալով չեն իրականացվել, և անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար պետք է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերն ու փորձաքննությունն արդեն պատրաստ է:
«Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախագիծը մշակվել է 2014 թվականին, և նախագծով նախատեսված է 26.2 կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925 կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչի կառուցվածքը:
Վերջին շրջանում կատարված աշխատանքների արդյունքում Կոտայքի նախկին մարզպետի, Ջրային կոմիտեի նախագահի գործուն ջանքերով հնարավոր է եղել հասնել նրան, որ բնակիչները արդեն իսկ եկել են կոմպրոմիսի, և նրանց առաջարկները նույնպես ընդունվել են մեր կողմից, ու հնարավոր է Գողթ համայնքի բնակիչների հետ համատեղ ծրագիրը շարունակել»,- ասաց Պապիկյանը՝ նշելով, որ նախագծով նախատեսվում է 152 մլն դրամ, որը կվերաբաշխվի 2020 թ. պետական բյուջեի կոշտ թափոնների կառավարման ծրագրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրից:
Ոռոգման ջրագծի կառուցման շնորիվ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում ոռոգման մեխանիկական համակարգը կփոխարինվի ինքնահոս համակարգով: