«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է հավաք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, գործադիրի ներկայացուցիչների և մարզպետների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ գրասենյակից դուրս գալուց հետո նա չպատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողների հետ զրուցեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Խոսելով կադրային փոփոխությունների մասին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ վերադասավորումների հետ կապված որևէ բան ասել չի կարող, ինչ վերաբերում է քննարկմանը, սա նոր ֆորմատ է, որը նախաձեռնել են, որտեղ գործադիրն ու օրենսդիրը քննարկում են օրվա օրակարգային հարցը:
«Այսօրվա օրակարգային հարցը վերաբերում էր տնտեսությանը` Քովիդի պայմաններում: Տարբեր արձանագրումներ տեղի ունեցան` հարցեր, պատասխաններ: Նման ֆորմատը լինելու է շարունակական` նվազագույնն ամիսը մեկ անգամ: Որոշում կայացնելու տրամաբանություն չունի այս ֆորմատը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե ԲՀԿ-ի հետ հուշագիր ստորագրելուց տեղյակ չէին «հերոսների» կատարած գործողությունների մասին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«ՀՀ իշխանությունն ունեցել է մեկ համաձայնություն գործող քաղաքական ուժի հետ, որն այդ պահին գտնվել է պառլամենտում` նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս փուլում հուշագիր ունենք և կունենանք միայն ՀՀ քաղաքացիների հետ: Ասել, որ մենք հուշագիր ենք ունեցել ԲՀԿ-ի հետ, դա առնվազն քաղաքագիտական սխալ է:
Մենք այդ օրը պառլամենտում գտնվող կուսակցության հետ ֆիքսել ենք նոր ընտրություններ անցկացման անհրաժեշտությունը և ոչ թե հուշագիր այն պատկերացման մեջ, որն, օրինակ, ԲՀԿ-ն ստորագրել է Սերժ Սարգսյանի հետ Մարտի 1-ից հետո, որը ստորագրվել է համագործակցության քաղաքական դաշտում:
Երկրի վարչապետը մեծ աշխատատեղ ապահովող յուրաքանչյուր հիմնարկ կարող է ճիշտ գտնել և մասնակցել բացման արարողությանը: Դա չի նշանակում, որ այդ մարդիկ օրենքից բարձր են և այդ մարդկանց հետ կան հարաբերություններ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, թե մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է պետական պաշտոններ զբաղեցնեն և Ալեն Սիմոնյանը դա մասնավորեցրել էր Գևորգ Պետրոսյանի հետ, ԱԺ փոխնախագահը նշեց.
«Պատգամավորին չեմ վիրավորել, մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ` դա վիրավորանք չէ: Նա ունի հոգեկան խնդիրներ, ես նման տեղեկություններ ունեմ, դրա պատճառով չի կարողացել շարունակել իր աշխատանքը որպես սոցապ նախարար, և քանի դեռ Ծառուկյանը բառացիորեն չի ասել, թե ում նկատի ունի, ես շարունակելու եմ կարծել, որ դա վերաբերում է իմ իմացած անձնավորությանը, քանի որ պետական կառավարման համակարգում ավելի ակնառու նման խնդիր ունեցող մարդ ես չեմ ճանաչում»,- ասաց Ալեն Սիմոնյանը: