Որպեսզի մասնավորն ու պետականը հավասար հարթակում լինեն, նորոգվում ու նոր բուժսարքավորումներով են վերազինվում մայրաքաղաքային պոլիկլինիկաները: Քաղաքային բյուջեից հատկացվել է 200 մլն դրամ: Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր այցելել է մի քանի պոլիկլինիկա ու ծանոթացել մատուցվող առողջապահական նոր որակի ծառայություններին:
Վերջապես ուլտրաձայնային նոր տեխնիկա են ստացել: Երիկամի ցավից գանգատվող երիտասարդ լինի, թե հերթական ստուգման եկած հղի՝ հետազոտություններն արդեն շատ ավելի մանրամասն կանեն,- քաղաքապետին վստահեցրել են սովետից մնացած սարքերին ու պատերին հրաժեշտ տված պոլիկլինիկայի բժիշկները: Մարությանը հիշեցրել է ընտրություններին տված իր խոստումը:
Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - Խոստումների մեջ կար պոլիկլինիայի վերանորոգում, զինում, նորոգում: Այստեղ երեքը մեկում է:
Միայն բուժսարքավորումների ձեռքբերման նպատակով՝ մայրաքաղաքային բյուջեից այս տարի, ավագանու որոշմամբ, հատկացվել է 200 մլն դրամ: Ծախսը եռակի գերազանցում է 2018-ի նույնատիպ գնումը:
Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - Կար հանձնարարական իմ կողմից գնահատել, թե առաջնային կոնկրետ որ շրջանում մենք ինչ տեխնիկական վերազինման կարիք ունենք:
Տեխնիկայի բաշխումը հասել է ավարտական փուլին: Պոլիկլինիկաները՝ ռենտգենի, տեսողության ստուգման, լաբորատոր անալիզների 11 տիպի 134 բուժսարքավորում են ստացել: Ըստ փոխքաղաքապետի՝ սկսել են ամենահրատապ կարիքներից:
Սերգեյ Հարությունյան, Երևանի փոխքաղաքապետ - Գտել ենք այն խոցելի կետերը, որտեղ ամեն ինչի կարիք է եղել` կանանց կոնսուլտացիայի առումով, և՛ ակնաբուժական, և՛ ռենտգենը, որը մեզ ֆանտաստիկ հարց է լուծել հատկապես COVID-ի առումով:
Կորոնայի պատճառով, երբ հիվանդանոցները գերծանրաբեռնված էին, մարդիկ, հաճախ վարակվելու ռիսկն աչքի առաջ,ստիպված մասնավոր կլինիկաներ էին գնում, որովհետև չէին վստահում հին սարքերին,- խոստովանում է 17-րդ պոլիկլինիկայի տնօրենը:
Սաթենիկ Բադալյան, Երևանի 17-րդ պոլիկլինիկայի տնօրեն - Երբ որ բնակիչը գալիս է և տեսնում, որ այստեղ ժամանակակից սարքերով են սպասարկում ու դա չի զիջում մասնավորին, վստահությունը բարձրանում է:
Վստահությունից բացի՝ առողջապահական առաջնային օղակի ուժեղացումը բնակչության համար նաև սոցիալական հարց է լուծում: Հիվանդանոցի վճարովի ծառայությունների մի մասը պոլիկլինիկան իր շահառուներին անվճար է մատուցում:
Պոլիկլինիկաների նորոգումն ու վերազինումը Երևանում՝ կշարունակվի նաև եկող տարի: Ընթացիկ ծրագրով արդիականացվել է նաև շտապօգնության երեք ենթակայան: