Բելառուսը ստիպված է փակել Լիտվայի և Լեհաստանի հետ պետական սահմանը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ այսօր ելույթ ունենալով «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումում: Փոխանցում է BBC-ն:
«Ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, ինչպես արդեն ասել էի, բանակի կեսը զինել և փակել պետական սահմանը արևմուտքից՝ առաջին հերթին Լիտվայի և Լեհաստանի հետ: Մենք ստիպված ենք ամրացնել պետական սահմանը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- ասել է Լուկաշենկոն:
«Չեմ ցանկանում, որ իմ երկիրը պատերազմի: Առավել եւս, ես չեմ ցանկանում, որ Բելառուսը և նույն Լեհաստանը, Լիտվան վերածվեն ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ լուծվելու են ոչ մեր հարցերը: Ուստի այսօր ամենագեղեցիկ, առաջադեմ, հայրենասեր մարդկանց այս դահլիճի առջև ուզում եմ դիմել Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներին՝ կանգնեցրեք ձեր խելահեղ քաղաքական գործիչներին, թույլ մի տվեք, որ պատերազմ սկսվի»,- ասել է Լուկաշենկոն
Լուկաշենկոն նաև ավելացրել է, որ Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ միասին պատրաստվում է կառուցել Միութենական պետության ընդհանուր պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիտվայի Սեյմը նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել էր որպես Բելառուսի ընտրված նախագահ։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան պերսոնա նոն գրատա են հայտարարել Լուկաշենկոյին, նրա որդուն և Բելառուսի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների։
Սվետլանա Տիխանովսկայան շարունակում է գտնվել Լիտվայում։ Նա լքել էր Բելառուսը ԿԸՀ-ում իրավապահների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, իսկ ավելի ուշ հրապարակել տեսաուղերձ, որտեղ նշել, որ ստիպված է գնացել այդ քայլին։ Նա իր ուղերձն ավարտել էր «Երեխաներն ամենակարևորն են, որ ունենք այս կյանքում» արտահայտությամբ։
Ուկրաինայում էլ գտնվում են Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներ Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը։ Նրանց հետ կատարվածն Ուկրաինայում և Բելառուսի ընդդիմությունում անվանում են ստիպողական արտաքսում։ Ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ Մարիա Կոլեսնիկովան, որին նույնպես ցանկանում էին արտաքսել երկրից, սահմանին պատռել է անձնագիրը և տեղափոխվել Մինսկի քննչական մեկուսարան։