Կառավարության որոշմամբ՝ «Էփիջի լեբս Էյէմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օգտագործման տրամադրելու և այն անհատույց օտարելու մասին նախագիծն ընդունվեց:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ 2018 թ. դեկտեմբերին ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրվել է պայմանագիր, որով իրականացվելու է «Հայաստանում Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնությունը: Այն միտված է կրթության որակի բարելավմանը: Նախարարը նշեց, որ այդ նպատակով տվյալ տարածքում «Էփիջի լեբս ԷյԷմ» ՍՊԸ-ին պատկանող 15 հազար քառակուսի մետր տարածքը տրամադրվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ բացառապես Թումոյի կողմից ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը կառուցելու համար:
Կրթագիտական կենտրոնն իր մեջ ներառում է 4 բաղադրիչ՝ ընդհանուր լաբորատորիաներ, որտեղ որոշվելու են ՀՀ-ի համար կարևոր ուղղություններով իրականացվող գիտական հետազոտությունների թեմաներ՝ նանոտեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում:
«Եթե կլինեն գիտահետազոտական կենտրոններ կամ բուհեր, որոնք կցանկանան ներգրավվել այս ծրագրում և այստեղ տեղափոխել իրենց լաբորատորիաները, հնարավորություն կունենան նաև օգտվելու այն լաբորատորիաներից, որոնք արդեն այստեղ գոյություն ունեն, բայց պայմանով, որ իրենց լաբորատորիաներից նույնպես հնարավորություն կունենան օգտվելու»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ Թումոյի մեթոդաբանությամբ մեծահասակներին կրթություն է տրվելու, և ստեղծվելու է «Թումո լաբս» բաղադրիչը: Երրորդ բաղադրիչը ծրագրավորման դպրոցն է, որով նախատեսվում է ոչ ծրագրավորողների համար կազմակերպել դասընթացներ: Ֆրանսիական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետը նույնպես տեղակայվելու է այդտեղ: