ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության նիստերում զեկուցվող հարցերի թիվը նվազել է միայն այն պատճառով, որ դրանք ոչ այնքան մեծ կարևորություն կարող են ունենալ հանրային ընկալման մեջ. ընտրությունը կատարում է վարչապետի աշխատակազմը:
«Կխնդրեմ որևէ նպատակային բան չտեսնել այս պրոցեսի մեջ: Մեր քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ մի շարք հարցերին այլևս կառավարության նիստի օրակարգում չենք անդրադառնա՝ հաշվի առնելով, որ դրանք հանրային ընկալման մեջ այն կարևորությունը չունեն, որի համար կառավարության նիստի օրակարգում արժեր այդ հարցերը քննարկել»,- ասաց Աղաջանյանը:
Անդրադառնալով հարցին՝ թափանցիկությունը դրանից չի՞ տուժում՝ Աղաջանյանը պատասխանեց.
«Այդ տրամաբանությամբ կարելի է նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, և 24 ժամը չի հերիքի այդ օրվա կառավարության նիստն ավարտելու համար: Խոսքը գնում է կառավարության նիստի օրակարգերում քննարկման դրվող հարցերի ընտրության մասին: Եվ կառավարությունը, մասնավորապես, վարչապետի աշխատակազմն ունի լիազորություն՝ այդ ընտրությունը իրականացնելու: Եվ մենք դա իրականացնում ենք՝ ունենալով որոշակի սկզբունքներ ու չափորոշչներ»,- ասաց Աղաջանյանը:
Նա հավելեց, որ ցանկացած որոշում վստահաբար խնդրահարույց կարող է լինել ինչ-որ շրջանակների համար: