Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, փաստաբան Գեղամ Սիմոնյանը ֆեյսբուքյան
գրառմամբ հայտնել էր, թե դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջը և մյուս սահմանափակումները ապօրինի են, ինչը իբրև հաստատված է դատարանի որոշմամբ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով հարցը, պարզել է, որ փաստաբանի՝ սեպտեմբերի 10-ին ներկայացրած թիվ ՎԴ/6107/05/20 դիմումի հիման վրա դատարանը ոչ թե ապօրինի է ճանաչել ուսումնական հաստատություններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, այլ դիմումը վերադարձրել է հայցվորին՝ այն սխալ ներկայացնելու պատճառով։
«Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, վերադարձնել: Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո և մինչև ուժի մեջ մտնելը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,- ասված է դատարանի որոշման մեջ։
Նկատենք նաև, որ Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի N 1514 - Ն որոշման համաձայն՝ ուսումնական և արտադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը իրականացվում է լիազոր մարմնի սահմանած սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների հիման վրա։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է 19 էջանոց ուղեցույց, որով սահմանվում են ուսումնական հաստատություններում հակահամաճարակային անվտնգության կանոնները։
Բացի դրանից, 2020 թ. սեպտեմբերի 11-ին առողջապահության նախարարի թիվ N 23-Ն որոշմամբ սահմանվել են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի պնդումը, թե իբր ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել դպրոցներում դիմակ կրելու պահանջի ապօրինի լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։ Աշակերտների ծնողներին հորդորում ենք հետևել միայն պաշտոնական կամ պաշտոնապես հաստատված տեղեկություններին։