«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ համահեղինակներից «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրեց հիմնավորումները: Ըստ Մակունցի՝ օրենքում նման փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է գործադիրում աշխատելու ընթացքում, երբ ՊՈԱԿ-ի տնօրեն կարող էին ընտրվել, նշանակվել անձինք, որոնք չունեն մասնագիտական կրթություն կամ որևէ մասնագիտական ստաժ:
Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ այդ ամենն իր ազդեցությունն է ունենում տվյալ պետական կառույցների արդյունավետության և աշխատանքի որակի վրա: «Հետևաբար եթե ուզում են, որ առանձին հաստատություններում բոլոր գծերով լինի որակական նշաձողի բարձրացում, ապա այդ հարցերը պետք է առաջադրեն»,- ասաց Մակունցը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ուշադրություն հրավիրեց երկու առաջարկի վրա:
«Նախկինում եթե չկար մասնագիտական ստաժի անհրաժեշտություն, այս պահին կա, և սա կարևորվում է նաև նրանով, որ մենք աշխատանքային ստաժի շեմը նաև որոշ չափով նվազեցրել ենք, այն դարձրել ենք 2 տարի: Սա հնարավորություն կտա նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններում նոր, թարմ շունչ մտցնելու, հնարավորություն տալու բոլոր լավ մասնագետներին, բայց որոնք դեռ շատ աշխատանքային փորձ չունեն, ներգրավվելու պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման գործում»,-ասաց Մակունցը:
Նա նշեց, որ կարևոր է նաև հայեցակարգերի և տեսլականի ներկայացումը: «Նախկինում չկար հարցազրույցի բաղադրիչը, և այս պարագայում շատ կարևորվում է, որովհետև գիտենք, որ այդ գրավոր թեստերը և այդ գրավոր թեստավորումը, քննությունները երբեմն կարող են շատ սուբյեկտիվ լինել, այսինքն՝ ամբողջությամբ չեն արտացոլում թեկնածուի մոտեցումները»,- ասաց Մակունցը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվող փոփոխություններն են՝
-
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնող անձին բավարար չի լինի միայն բարձրագույն կրթությունը (այդպես է գործող օրենքով - խմբ.), հեղինակներն առաջարկում են ավելացնել նաև 2 տարվա մասնագիտական ստաժը:
-
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնող անձը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ և երկու փուլով անցկացվող քննություններին, մասնավորապես՝ բանավոր քննությանը, պետք է ներկայացնի այդ հայեցակարգը:
-
Գործող օրենքով տնօրենի ԺՊ նշանակումը սահմանափակվում է 6 ամսով, հեղինակներն առաջարկում են Կառավարության որոշմամբ ժամկետը երկարաձգել մեկ անգամ՝ ևս 6 ամսով: Այսինքն՝ նույն մարդը մեկ տարուց ավելի չի կարող լինել տնօրենի ԺՊ:
-
Եթե տնօրենը վնաս է պատճառել տվյալ կազմակերպությանը գույքի 1 տոկոսի չափով, ապա նա չի կարող տնօրեն լինել: Գործող օրենքով պատճառված վնասի չափը պետք է լինի 5 տոկոս:
-
Եթե տնօրենը դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենների մրցույթին՝ անկախ նրանից, դատվածությունը մարված կամ հանված է: Գործող օրենքով դա հնարավոր է:
-
Օրենքը հետադարձ ուժ չի ունենալու: