Կառավարության նիստում հավանության արժանացավ վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին նախագիծը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ դեռևս անցյալ տարի պատգամավորական նախաձեռնության շրջանակում Կառավարության և ԱԺ ջանքերով փոփոխություններ կատարվեցին խաղային բնագավառի կարգավորումներում: Նպատակն էր՝ զերծ պահել հասարակության հատկապես խոցելի սոցիալական խավը ներկայացնողներին այն վտանգներից, որոնք կապված են այդ խաղերով հրապուրվողների հետ, և կարգավորումներ մշակվեցին:
«Այս նախագիծը կոնկրետ վերաբերում է կառավարության վերապահված մի լիազորությանը այդ սահմանափակումների համատեքստում: Ենթադրվում է, որ հաստատումից հետո կսահմանվեն այն չափանիշները, որոնց պետք է բավարարեն այն կազմակերպությունները, որոնք նախատեսում են այս գործունեության կազմակերպումը բնակավայրերում, և այն հեռավորությունները, որոնք պետք է պահպանվեն այդ նույն կազմակերպությունների կողմից ֆիզիկապես այս ծառայությունների կազմակերպման վայրերը»,- ասաց Ջանջուղազյանը՝ նշելով, որ վերահսկողությունը կիրականացնի ՊԵԿ-ը:
Օրենսդրական համապատասխան պահանջների և սահմանափակումների խախտման բոլոր դեպքերը տրամադրվում են ֆինանսների նախարարությանը: