Ամիսներ առաջ այս տեսքն է ունեցել Արցախի Շահումյանի շրջանում գտնվող «Փոքր ջերմաջուր» բնական հուշարձանը: Վարձակալությամբ շահագործողներն արհեստական ավազանը մաքրել են էքսկավատորով: Ոչ առաջին անգամ:
Արթուր Գաբրիելյան (Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ) - Սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Վերջինը մոտ 20 օր առաջ է եղել, որին համայնքի ղեկավարը տեղյակ էր: Այդ 20 օր առաջ կատարվածն այնպես չէ, որ էքսկավատորը փորել ու մեծ փոփոխություններ է կատարել: Այդ փոփոխություններն աստիճանաբար եկել հասել են դրան:
Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ մասնակի խաթարվել է բնական հուշարձանի արտաքին տեսքը: Բնապահպանության և ընդերքի պետական տեսչությունն ուսումնասիրում է իրավիճակը:
Ջրի հետ գալիս են նաև միներալներ, որոնք արտահոսելուց հետո կարծրանում են՝ ջերմաստիճանի անկումից կորցնելով լուծելիությունը: Այդ միներալները դառնում են կոշտ մասնիկներ և թափվում են արհեստական ջրավազանի մեջ ժամանակի ընթացքում: Այսինքն՝ որոշակի տարիների ընթացքում նորից կլցվի այդ ավազանն այն նույն նյութից, ինչ որ բխում է այդ հորատանցքից:
Պաշտոնյան վստահ է՝ հանքային աղբյուրին ոք չի դիպել: Իսկ արհեստական ավազանը մաքրել են Զուար համայնքի ղեկավարի թույլտվությամբ: «Փոքր ջերմաջուրը» բնական հուշարձանի կարգավիճակ ունի արդեն 3 տարի:
Արթուր Գաբրիելյան - Մաքրման աշխատանքն իրենց պարտավորությունն է, իսկ եթե այնտեղ շինարարական կամ արտաքին տեսքը խաթարող ինչ-որ աշխատանքներ են իրականացվում, դա պետք է համաձայնեցվի լիազոր մարմնի, այսինքն՝ այսօր գործող բնապահպանության կոմիտեի հետ:
Արցախի բնապահպանության կոմիտեն հայտարարել է՝ եթե պարզվի, որ խաթարվել է հուշարձանի արտաքին տեսքը, ապա մեղավորները, օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթարկվելու են պատասխանատվության: