ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս:
Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում:
Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։
Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ:
Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել»:
Ա.Փամբուխչյանի՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: