Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանի համայնքների ղեկավարներին ու վարչակազմի պատասխանատուներին ներկայացրել վարչակազմի նոր ղեկավարին:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի արդեն նախկին վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանին կարճատև, բայց եռանդուն աշխատանքի համար:
Հաջողություն մաղթելով պաշտոնը նոր ստանձնած Սասուն Բարսեղյանին՝ հանրապետության նախագահը նշել է, որ շրջանում նախատեսված աշխատանքները շատ են, և հույս հայտնել, որ նա կկարողանա արդյունավետորեն կյանքի կոչել բոլոր ծրագրերը՝ համախմբելով բոլոր կարող ուժերին:
Վարչակազմի ներկա ու նախկին ղեկավարների՝ վստահության և համատեղ աշխատանքի համար շնորհակալական խոսքից հետո նախագահ Հարությունյանը լսել է նաև շրջանի գյուղատնտեսության և կրթության բաժինների վարիչների զեկույցները կատարված ու ընթացիկ ոլորտային աշխատանքների մասին:
Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս հորդորել է խստորեն հետևել համավարակի դեմ պայքարի կանոններին՝ խոստանալով, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն լուծումներ ըստ առաջնահերթությունների:
Նշենք՝ ԱՀ նախագահի որոշմամբ՝ Աշոտ Էդուարդի Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Երկրի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Սասուն Ալեքսանդրի Բարսեղյանը նշանակվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար։