Սեպտեմբերի 21-ին Զվարթնոց տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագիծը Հանրային հեռուստաընկերության եթերում է 2 տարի: Յուրաքանչյուր շաբաթ հեռարձակվող հաղորդաշարը բացահայտել է 70-ից ավելի ձեռներեցների, ներկայացրել նրանց հաջողության պատմությունը:
2019 թ. սկիզբ դրվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը:
Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:
Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, ինչպես նաև «Մեր ժամանակների հերոսը» ֆեյսբուքյան էջով: