Այսօր ընդունեցի ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին, քննարկեցինք Դրախտիկի միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման խնդիրը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ցանկություն ունեն՝ բարերարների միջոցներով որոշակի ներդրումներ կատարելու Դրախտիկի դպրոցի հիմանորոգման համար, սակայն դրանից առաջ պետք է հստակեցնեն շինարարության նախագծանախահաշվային արժեքը:
Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչների նախաձեռնությունը՝ նշեցի, որ առաջիկայում մարզպետարանի կողմից կներկայացվի Դրախտիկի դպրոցի մեկ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների գնահատումը, որից հետո կողմերը կարող են մտածել համապատասխան ֆինանսական միջոցներ գտնելու մասին:
Դրախտիկի դպրոցից բացի, մարզի շատ համայնքների դպրոցներ կան, որոնք հիմնանորոգման խիստ կարիք ունեն: Բայց եթե հիմնադրամի ներկայացուցիչների ընտրությունը կանգ է առել Դրախտիկի դպրոցի վրա, ապա մենք պատրաստակամ ենք՝ մեր բաժին աջակցությունը ցուցաբերելու և պահանջվող ներդրումը կատարելու»,- գրել է մարզպետը: