Խորհրդարանը 35 կողմ, 84 դեմ ձայներով մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որ ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», իսկ «Իմ քայլը» դեմ էր:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչո՛ւ նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,- ասաց Միրզոյանը:
«Բարգավաճ Հայաստանը» հայտնել էր՝ միանում են ԼՀԿ-ի առաջարկին: ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթում ասաց, թե իրենք բացարձակ անհարիր են համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ավարտական հատվածը: «Մենք վերահաստատում ենք, որ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը չենք տեսնում»,- նշեց նա:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտեց. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, որն ընդհանրապես որևէ բարեկրթության սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»: