Ազգային ժողովը 80 կողմ, 17 դեմ, 21 ձեռնպահ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քանի դեռ չի ներկայացվել Կառավարության որոշման նախագիծը, թե ի՛նչ չափանիշներ են սահմանվելու այս փուլում, «Լուսավոր Հայաստանը» կքվեարկի դեմ՝ սպասելով այդ որոշման նախագծին, իսկ դրանից հետո կվերանայեն որոշումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի:
ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն ընդունվեց 119 կողմ ձայնով:
Կառավարության ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցն ընդունվեց 119 կողմ ձայնով:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցն ընդունվեց 121 կողմ ձայնով:
ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արարատ Միրզոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Թագուհի Ղազարյանի, Լիլիթ Մակունցի և Գոռ Գևորգյանի ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը ընդունվեց 121 կողմ ձայնով:
Կառավարության ներկայացրած «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծը ընդունվեց 121 կողմ ձայնով:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 121 ձայնով: Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Սոնա Ղազարյանը և Սերգեյ Ատոմյանը:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ կողմ 120, դեմ 0, ձեռնպահ 1 ձայներով: Հեղինակներն են Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը:
Պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն ընդունվեց 114 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: