Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը: Օրեր առաջ ավարտված Վենետիկի 77-րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ 4-րդ անգամ անմրցանակ չլքելով Լիդո կղզին:
Նախորդ մրցանակների թվում էր Ոսկե առյուծը` «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ։ Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի Ոսկե ընձառյուծը` «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարությունների:
«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Լավ Դիասը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Առանձնահատուկ շեշտեմ, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնային ժյուրին կազմված է լինելու ոլորտի ճանաչված անուններից: Շատ շուտով կհրապարակենք նաև փառատոնային մյուս մրցույթների ժյուրիների անունները»,- նշել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Հավելենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։
Նշենք, որ այս տարվա հուլիսին փառատոնը ներկայացավ արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերով ու նախագծերով, որոնք անցկացվեցին առցանց եղանակով հուլիսի 13-16-ը՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։