ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշներին, նշելով, որ իրավիճակն անհանգստացնող է:
Փաշինյանը շեշտեց՝ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 200-ը: «Նախորդ օրը վարակվածների թիվը 257 էր, երեկ՝ 295: Ճիշտ է, հայտնաբերման տոկոսը բարձր է, այսինքն՝ մեծ է թեստերի թիվը, նախորդ օրն արվել է 4135 թեստ, երեկ՝ 4319 թեստ: Համավարակի ամենաբարդ շրջանում օրական թեստերի մաքսիմալ ծավալը 3000-ի չի հասել: Բայց, այնուամենայնիվ, իրավիճակն անհանգստացնող է, կարծում եմ՝ բոլորի, հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա»,- ասաց վարչապետը:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ վարակվածների թիվը մեծ է, քանի որ շատ են թեստավորումները: «Բայց մենք նկատում ենք թեստավորման մեջ տոկոսային աճ, այսօր մոտ 7 տոկոս է, ինչը մեզ համար մտահոգիչ է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենց վերլուծությամբ այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման, ըստ այդմ՝ տեղաշարժի, առևտրի աճի հետ: «Առաջիկա երկու շաբաթում կտեսնենք՝ դպրոցների բացումից հետո ինչ արդյունքներ ենք գրանցում, ինչպես է ընթանում կորը»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ թեև արտակարգ դրությունն ավարտվեց, սակայն հակահամաճարակային սահմանափակումները առկա են, և պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
«Կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք, և այդ ապացուցված գործիքը դիմակն է: Դիմակ կրելու պայմանները պետք է խստորեն պահպանվեն»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Նա ոստիկանապետին հանձնարարեց հետևողական լինել: «Ոչ մի ոստիկան դիմակ չկրող քաղաքացու մոտով չպետք է անտարբեր անցնի՝ բնականաբար այս ընթացքում լիարժեք պահպանելով օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը»,- հանձնարարեց վարչապետը:
Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի առողջապահության համակարգի հնարավորությունների մասին: «Թվերի նվազմանը զուգահեռ մենք առողջապահական հզորությունները ետ ենք ծավալել, էն իմաստով, որ հիվանդանոցները, որոնք նախկինում ծանրաբեռնված կորոնավիրուսի դեպքերն էին սպասարկում, հիմա անցել են աշխատանքի սովորական ռեժիմի: Բայց հիմա պատրաստ են ցանկացած պահի նորից անցնելու ամբողջությամբ կորոնավիրուսի դեպքերի սպասարկմանը»:
Փաշինյանը նշեց՝ կորոնավիրուսից մահվան 925 դեպք է գրանցվել, 283 մարդ, որ վարակված է եղել կորոնավիրուսով, մահացել է այլ պատճառով:
«Երբ տեսնում ենք՝ ի՛նչ է տեղի ունենում այլ երկրներում, ես համոզվում եմ՝ ճիշտ է մեր ռազմավարությունը, որ պետք է կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Բայց դա հնարավոր է այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ են սպասարկել, բուժել անհրաժեշտություն ունեցող բոլոր քաղաքացիներին»,- ասաց վարչապետը:
Նա հիշեցրեց՝ հուլիսին եղել են օրեր, երբ վերակենդանացման բաժանմունքներում մեկ-երկու-երեք ազատ տեղ է եղել ընդամենը: «Բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել և, ըստ էության, ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չենք թողել»,- շեշտեց նա: Փաշինյանը նաև ասաց, որ չեն կարող երկիրը, տնտեսությունը փակ պահել: «Առավոտյան հետաքրքիր վերլություն կար. երկրները, որ ամենախիստ սահմանափակումների են գնացել, ցուցանիշներով լավ արդյունքների են հասել, տնտեսական առումով ունեն ամենախոր պրոբլեմը»,- շեշտեց նա: