ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում լիբանանահայերի բնակեցման վերաբերյալ հարցը՝ գրում է ArmeniaSputnik.am-ը:
«Մենք լսել ենք Լիբանանից հեռացած հայերին բնակեցնելու՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների մտադրության մասին: Կարդացել ենք հաղորդագրություններն այն մասին, որ երկու լիբանանահայ ընտանիքներ Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատելու ցանկություն են հայտնել: Դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ լիբանանահայ փախստականների հոսքի մասին տվյալների չենք տիրապետում»,- նշել է Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ:
Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան կարծում է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման, ինչպես նաև փախստականների ու տեղահանվածների հարցի լուծման վրա:
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսով խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց փոխանցել քայլերի շարունակման, այդ թվում՝ սկզբի համար յուրաքանչյուր նախարարի հետ եռյակի առանձին հանդիպում անցկացնելու վերաբերյալ միջնորդների առաջարկները:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը դրական արձագանք է ակնկալում: