Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:
ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկեց 121 պատգամավոր: Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում ստացել էր 100 կողմ ձայն և ընդունվել առաջին ընթերցմամբ: