«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին. մայր և դուստրը Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը:
Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ՝ նրանց շնորհվում է 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին և փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան 1 միլիոն դոլար մրցանակի շահառուները։
Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրվել են 2020 թ. «Ավրորայի» հերոսներից, որոնք հայտարարվեցին 2020 թ. ապրիլի 24-ին: Բացի սոմալացի իրավապաշտպաններից, բացառիկ հերոսների թվում էին նաև կոնգոյացի ակտիվիստ Անժելիկ Նամայկան, փախստականներին բաց ծովում փրկող Սոֆի Բոն և Կլաուս Ֆոգելը և աֆղանստանցի մանկավարժ Սաքինա Յակուբին:
Առ այսօր «Ավրորան» ձեռնարկել և աջակցել է բազմաթիվ նախագծերի ավելի քան 30 երկրում, որոնցից օգտվում է շուրջ մեկ միլիոն մարդ, որոնք տառապում են պատերազմի վայրագությունների, սովի, առողջապահության պակասի, ցեղասպանության կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների հետևանքով:
Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների՝ «Ավրորա» մրցանակը ձգտում է ընդլայնել համաշխարհային մարդասիրական շարժումը՝ շարունակելով երախտագիտության շղթան աշխարհով մեկ:
Երկար տարիներ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը և իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության և Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։