Կառավարությունն այսօր 182 մլն 511 հազար դրամ հատկացրեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 շենքի 5-րդ մուտքի փլուզման հետևանքով անօթևան մնացած 12 ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 26-ին նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի հետևանքով պայթյունից մասնակի փլուզում էր տեղի ունեցել Ռայնիսի 1 շենքում, անօթևան էր մնացել 12 ընտանիք:
«Ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում շահառուներին շենքում սեփականության իրավունքով պատկանող բնակարանի ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2020 թվականի հուլիս ամսվա ընթացքում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 6-րդ գոտում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները (333.0 հազ. դրամ)»,- նշված է Կառավարության որոշման մեջ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց՝ որոնք են շենքի փլուզման պատճառները: «Ըստ էության, այս վնասների հատուցման պոտենցիալ պահանջը ում նկատմամբ է ներկայացվելու: Ես որքան հասկանում եմ՝ սա կամ պետք է լինի շահագործման կանոնների խախտում, կամ որևէ այլ հանգամանք: Այնուամենայնիվ, սա լավ առիթ է, որ պատճառները քննարկենք, հետևանքները հասկանանք, որովհետև այս ծախսն ինչ-որ ձևով պետք է արձանագրվի որպես պատճառված վնաս՝ ինչ-որ մեկի մեղքով»,- հարցրեց փոխվարչապետը:
ԱԻ նախարարն էլ ասաց, որ քրեական գործը քննում է Քննչական կոմիտեն: «Մենք տեղեկություն չունենք»,- նշեց Ցոլակյանը:
«Այդ հանգամանքը հաշվի առնված է: Քննությունը պետք է պարզի, թե ի՛նչ հարաբերություններ են առաջանում: Բայց այստեղ կարևոր է, որ մենք, անկախ քննության արդյունքներից, արագ արձագանքում ենք, դեպքից մեկ ամիս չանցած՝ խնդրին լուծում ենք տալիս»,- շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ անօթևան ընտանիքներն այս ընթացքում բնակվում են վարձով, որի գումարը ևս տվել է կառավարությունը:
Անդրադարձ եղավ նաև Ռայնիսի 1 շենքի մյուս հատվածին, որը պայթյունից հետո կանգուն էր մնացել: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց՝ իրականացվել է շենքի տեխնիկական վիճակի հետազոտություն, եզրակացության համաձայն՝ շենքը գտնվում է հուսալի վիճակում և բնակեցվել է:
Որոշումն ընդունվեց՝ պայմանով, որ ստորագրվի տեխնիկական լրամշակումներից հետո, եթե դրա կարիքը լինի: