«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ասաց, որ հետևողական լինեն այն հանգամանքին, որ խաղողագործները բողոքի ակցիաներ են կազմակերպում, քանի որ խաղողի գինը, որը նախատեսվել էր, որ 135 դրամից չպետք է իջեցվեր, գործարանատերերը իջեցրել են 100 դրամ:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ մինչև այսօր ամենօրյա ռեժիմով բոլոր մթերող կազմակերպություններում ունեն մինչգերատեսչական հանձնաժողովի ձևավորված կազմից մշտական խմբեր, որոնք շրջում են, գտնվում այդ կազմակերպությունների տարածքում՝ հատկապես գյուղացիների շահերը պաշտպանելու համար, որպեսզի կշեռքները գործեն նորմալ, և գրանցումները կատարվեն ժամանակին:
Նա նշեց, որ ստացել են այն տպավորությունը, որ առաջացած խնդիրները ժամանակին օպերատիվ լուծում են ստացել:
«Այսօր եղել է մի դրվագ, որի մասին նշում եք: Ես կարծում եմ, որ այդ տեղեկության մի մասը չի համապատասխանում իրականությանը, գուցե մյուս մասը համապատասխանում է: Այն կազմակերպությունները, որոնք 100 դրամի վերաբերյալ լուրեր են տարածել, կամ անձինք կարծում են, որ դա պահի թյուրիմացություն է եղել, չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, հետևողական են լինելու և ուշադիր՝ նման շահարկումներ չլինելու համար:
Նախարարի խոսքով՝ իրենց հայտնի ամենացածր գինը եղել է 135 դրամը, եղել է ավելի հաճախ հանդիպող գին՝ 140-145 դրամ, որոշ դեպքեր գիտեն, որ 150-155 դրամով են կատարում մթերումները:
Հավաստիացրեց, որ առաջիկա օրերին այդ հարցերի նկատմամբ ավելի ուշադիր են լինելու: