ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչների բողոքի ակցիային, երբ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը ու բողոքում էին խաղողի մթերման գների ցածր լինելուց: Խաչատրյանն ասաց, որ ինքը ակցիայի մասնակիցների հետ հանդիպում չի ունեցել, բայց գործընկերները կապի մեջ են եղել մարզպետարանի աշխատակիցների հետ:
«Տեղյակ եմ, որ քննարկումներ են վարել կազմակերպության ներկայացուցչի հետ, որ նախատեսում է գնել ու խաղողն արտահանել: Խնդիրն այն խաղողի հետ է, որը վերամշակողները չեն գնում, որպես կանոն, այլ արտահանվող խաղողն է»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը խաղողի մթերման խնդիրները կարգավորելուն միտված քայլեր է ձեռնարկել և ակնկալում է, որ այդ քայլերն արդյունք կտան: «Վստահ եմ՝ լուծումներ կգտնվեն»,- ասաց նա: