Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ նաև «Սևան» ազգային պարկի իրավասության ներքո գտնվող Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման աշխատանքներին:
Նա նշեց, որ երեք հիմնական ուղղություններ են նախանշել գործունեության ժամկետային առումով: Առաջինը «Սևան» ազգային պարկում ամենակարճ ժամկետներում սիգի արդյունագործական որսի կանոնակարգումն է և օրենքի դաշտ բերելը:
«Երկրորդը «Սևան» ազգային պարկի իրավասության ներքո գտնվող տարածքներում Սևանա լճի ափամերձ գոտիներում քաղաքաշինական և հողաշինական այն խառնափնթոր և խայտառակ վիճակի գույքագրումը, վերլուծությունը և կարճ ժամկետներում «Սևան» ազգային պարկի կարողությունների ընդլայնման միջոցով շեշտակի և հատուկ գործողությունների գործիքակազմերով կարգի հրավիրումն ու օրենքի գերակայություն ապահովելն է: Երրորդը միջնաժամկետ ժամկետում սահմանված նիշից ներքև գտնվող կիսաջրածածկ և մոտ ապագայում ջրի մակերևույթի բարձրացմանը զուգընթաց ջրածածկման վտանգի տակ գտնվող կանաչ գոտիների մաքրումն է»,- ասաց նախարարը: