Այսօր ականավոր գրող, հրապարակախոս, երգիծաբան, թատերական, հեռուստատեսային գործիչ Արտաշես Քալանթարյանի ծննդյան օրն է:
Արտաշես Քալանթարյանը հեռուստատեսություն եկավ, երբ արդեն լրագրողի, հրապարակախոսի, երգիծաբանի և արձակագրի լուրջ փորձառություն ուներ: «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան» և «Գրական թերթ» պարբերականներում հասցրել էր իրականացնել այն, ինչի մասին երազում էր դեռ համալսարանից;
12 տարի նա հեռուտառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրն էր և հեռուստաեթերից մարդկանց հետ խոսում էր հայ ընտանիքի բարոյական արժեհամակարգի ոչ բարձրագոչ, բայց ամենակարևոր պահանջների մասին: Նրա պատմությունները, որոնք ծնվում էին հեռուստադիտողի նամակներից, փոքր ու մեծ խնդիրները վերածում էին մեծ ճշմարտությունների մասին խոսելու առիթի:
«Իմ տունը քո տունն է» հայկական հեռուստատեսության ամենասիրված հաղորդաշարերից մեկն էր, որը մեծ լսարան հավաքելու ռեկորդներ էր սահմանում:
Նրա հրապարակումներին հաջորդում էին կուսակցական ժողովներն ու աշխատանքը կորցնելու վտանգը,բայց Քալանթարյանն անդրդվելի էր: Հակոբ Ղազանչյանը, որ «Բումերանգը» բեմադրել է Կապանում և Երևանում, չափազանց բարձր է գնահատում նրա վաստակը ոչ միայն թատրոնում, այլև հեռուստաթատրոնի կայացման գործում:
Ընտանիքը նրա գլխավոր տարերքն էր: Եվ հիմա, երբ նրա զավակներն ապրել են ավելի, քան հայրը, խոստովանում են՝ մշտապես զգում են նրա ոգեշունչ ներկայությունը: Օրերս Հակոբ Ղազանչյանը Քալանթարյանի ավագ որդու հետ քննարկել է Պարոնյան թատրոնում վերստին նրա սիրված դրամատուրգիան ներկայացնելու հարցը և ընդգծում է՝ Քալանթարյանն անուն է, որ չպետք է մոռացվի: