Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցում ինչպե՞ս է կառավարությունն ընտրել Էդգար Շաթիրյանին: Այլ թեկնածուներ եղե՞լ են, թե՞ ոչ: Հանրության անունից խոսելիս, պետք է ճշտել, թե ում են ներկայացնում: Վարչապետի դիտարկմամբ՝ թեկնածուների վերաբերյալ եղել են քաղաքական և ոչ քաղաքական թիմեր, որոնք փորձում են իրենց թեկնածուներին հանրության անունից որոշակի պաշտոններում տեղավորել:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Աժ-ում շատ կարևոր բան է եղել, ՍԴ ճգնաժամը լուծվել է, արդյո՞ք ձևավորվել է իդեալական դատարան` ոչ, կառավարությունն էլ քննարկումներով որոշել է այդ թեկնածուին:
ԱԺ-ն հաստատել է COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան միջոցառումների արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Սիսակ Գաբրիելյանի հարցին՝ եղե՞լ է ինչ-որ քայլ, որ թաքցվել է հանրությունից, վարչապետը մեկ անգամ չէ, որ ասել է՝ կառավարութոյւնը 100 տոկոսով թափանցիկ է աշխատում: Նորից հաստատեց՝ ինչ գիտի կառավարությունը, գիտի նաև հանրությունը: Հանձնաժողովին էլ բարի երթ մաղթեց:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - 100 տոկոսով, ինչ արել ենք, ճիշտ է եղել: Եղել են թերություններ, իհարկե, բայց պետք է արձանագրել` ռազմավարության առումով ճիշտ ենք արել և ճիշտ ենք անում:
Ռուսաստան մեկնելու համար քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում, սահմանը փակ է: Խնդիրը բարդ է և դա չի վերաբերում միայն Հայաստանին: Փոխվարչապետ Գրիգորյանի խոսքով` ԵԱՏՄ տարածքում ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ չկան: Խնդրին միասնական լուծում տալու ամենաճիշտ հասցեն ԵԱՏՄ հարթակն է:
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ - ԵԱՏՄ-ն ունի լավ գործիքակազմ, և այդ հարցը օրակարգային է, կքննարկվի, վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ը:
Ի՞նչ նախագծեր կան խաղողի մթերման գործընթացը սահուն կազմակերպելու համար: Էկոնոմիկայի նախարարի խոսքով` դեռ ամռանը կային ազդակներ՝ խաղողի բերքն առատ է լինելու, բարդություններ ունեն վերամշակող ընկերությունները: Կառավարության որոշումով` էապես բարելավվել են մթերող ընկերությունների ֆինանսական պայմանները: Մեկ կազմակերպության հաշվարկով` վարկի սահմանաչափը կազմում էր 1,8 մլրդ դրամ, դարձել է 3 մլրդ, այս գումարով հնարավոր է 20 հազար տոնա խաղող գնել:
Տիգրան Խաչատրյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Հույս ունենք, որ մթերող կազմակերպություններն այդ միջոցառմանն ընդառաջ իրենց կողմից նախատեսված առավելագույնն են անելու, որ խողողը կարողանան գնեն, ինչպես գյուղացին սպասում է:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետի հայտարարությանը՝ աշխատատեղերն ավելացել են 6600-ով, համավարակի օրերին 70 հազարով աշխատատեղ է կրճատվել: Ինչպե՞ս են հաշվարկել: Վարչապետի խոսքով` թվերը ձևավորվում են կոնկրետ հաշվետվությունից և անհերքելի են:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - 2018-2020թթ. Հայաստանում հսկայական թվող աշխատատեղեր են ի հայտ եկել, բայց չենք կարող հստակ ասել, որն է զրոյից ստեղծվել, որն է ստվերում եղել, եկել հարկայինում է տեղավորվել:
Հեղափոխությունից հետո շատ է խոսվել տնտեսական թռիչքի մասին: «Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանը վարչապետին հարցրեց՝ շատ գործարանների կարմիր ժապավեն է կտրել, բայց դրանից հետո դրանք փակվել են: Նիկոլ Փաշինյանը կարմիր ժապավեն կտրելու որևէ դեպք չհիշեց:
Հանդիսավոր բացմանը մասնակցել, չի նշանակում ստանձնել գործարանի պատասխանատվությունը: Կառավարությունը նպաստում է, որ հավասար պայմաններ լինեն: Շատ գործարանների բացմանը չի գնացել, բայց աշխատում են: Նույն գործարանի մասին պատգամավորը չորս տարբեր կարծիք հայտնեց, վարչապետն առաջին անգամ լսեց նաև, որ Վանաձորում ավտոմեքենաների արտադրության գործարան է բացել:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Իրոք, փաստորեն Վանաձորի ավտոների գործարանը, որը ես չեմ բացել, իմ գնալուց հետո փակվել է: