ՍԴ-ի շուրջ ճգնաժամը վերջացել է, բայց սա չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական ՍԴ. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի երեք թեկնածուի ընտրությանը:
«Ասում եք՝ հանրության շրջանում հարցեր են առաջացել: Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության պրոցեսում կային մարդիկ, կային շրջանակներ, որոնք անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին, անընդհատ փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխության ժամանակ հեղափոխությունը կառավարած, ղեկավարած քաղաքական թիմը գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, որոնք հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք: Ոչ, ես ասում եմ, որ այդպես չէ»,- նշեց Փաշինյանը:
«Ամեն իրավիճակում կան խմբեր, կան ուժեր՝ քաղաքական և ոչ քաղաքական, որոնք ուզում են իրենց օրակարգը, իրենց շահերը, իրենց մարդկանց, իրենց թեկնածուներին, իրենց կամակատարներին հանրության անունից որոշակի տեղերում տեղավորել: Եվ ես կարծում եմ՝ ինչ տեղի է ունեցել ԱԺ-ում, կարևոր էր. Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է: Առնվազն այսքանով պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել կարևոր մի բան: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Ոչ, չի նշանակում, թե ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան: Կառավարությունն էլ թեկնածուների մասին որոշումը կայացրել է լիազորությունների շրջանակներում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: