«Այս հարցապնդումը պատմության մեջ մտնելու է՝ ինչպե՞ս ներկայացնել հարցապնդում՝ առանց հարցերի: Սա ավելի նման էր շարադրության՝ «Ինչպես ես անցկացրի իմ ամառային արձակուրդները» թեմայով:
Անկեղծ ասեմ. որևէ լուրջ բան չեմ լսել: Ես վստահեցնում եմ՝ եթե ներկա գտնվեք մեր քննարկումներին, իրար ավելի շատ ենք քննադատում և լուրջ հարցեր բարձրացնում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, որ ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Ո՞ւր են եկեղեցու պատմության հետ կապված հարցերը, ո՞ւր են կանացի զգեստներով ուսուցիչները, որ մեր երեխաներին այլասերություն են սովորեցնում, ո՞ւր են էդ հարցապնդումները: Ո՞ւր են մնացած հարցերը, որ որպես ալիք օգտագործելով՝ բերեցիք այստեղ ու պարզապես ձախողեցիք ձեր հարցապնդումը»,- հարցրեց Սիմոնյանը:
Իր ելույթը ԱԺ փոխնախագահն ավարտեց ափսոսանք հայտնելով: «Ցավում եմ, այս քննարկումը, որ գուցե կարող էր շատ լուրջ հարցերի հետ կապված ինչ-որ բան փոխել, նման ֆեյլի (ձախողման,- խմբ.) վերածվեց»,- ասաց Սիմոնյանը: